Թանգարանի մասին
1999 թ. մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրը, Երևանի թ. 11 պոլիկլինիկայի (այժմ` “Նոր Արաբկիր” ԱԿ) ղեկավարության աջակցությամբ բուժհիմնարկի մի սենյակում կազմակերպվեց “Հայ բժշկության թանգարան” պայմանական անունը կրող ցուցադրություն, որի բացմանը ներկա էին առողջապահության և մշակույթի նախարարությունների աշխատակիցներ, բժիշկներ, բժշկապատմաբաններ, պատմաբաններ, հնագետներ, գրողներ, լրագրողներ և այլն: Նոր թանգարանի ծնունդը լուսաբանվեց մամուլում և հեռուստատեսությամբ:
1999 թ. թանգարանը գրանցվել է Մշակույթի նախարարության մասնավոր թանգարանների ցուցակում և Ռիգայի Պաուլ Ստրադինի անվ. բժշկության պատմության թանգարան-ինստիտուտում (սկիզբ է առել մասնավոր հավաքածուից):
2000 թ. ապրիլին “Մշակութային հիմունքների մասին” ՀՀ օրենքի նախագիծը Եվրոպայի խորհրդի կողմից փորձաքննության ենթարկելու և “Հայաստանի մշակութային քաղաքականության մասին” ազգային զեկույցը նախապատրաստելու նպատակով Երևան ժամանած եվրոպական կառույցի ներկայացուցիչներ` Ռումինիայի մշակույթի փոխնախարար Մարիա Բերզան (Բուխարեստ), Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Ռոհմերը (Ստրասբուրգ) և Բորդոյի համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների դոկտոր Ժան Պետոն (Ֆրանսիա) ՀՀ մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանի և այլոց ուղեկցությամբ այցելեցին թ. 11 պոլիկլինիկայի Հայ բժշկության թանգարան։ Հյուրերը չթաքցնելով թանգարանից ստացած իրենց դրական տպավորությունը, համոզմունք հայտնեցին, որ անհրաժեշտ է ունենալ ժամանակակից պահանջներին համապատասխանող Բժշկության պետական թանգարան, որի համար լիովին բավարար կլինի ցուցադրված հավաքածուն:
2009 թ. փետրվարին Հայ բժշկության թանգարան այցելեցին Մշակույթի նախարարության թանգարանների և արհեստների վարչության պետի տեղակալ Նորա Դայանը և վարչության երկու աշխատակիցներ: Նրանք թանգարանը դիտելուց հետո եզրակացրեցին, որ ցուցադրված նյութը ներկայացնում է պատմամշակութային արժեք և արժանի է հատուկ ուշադրության:
2010 թ. հոկտեմբերին Մշակույթի նախարարության և Վ. Շարամբեյանի անվ. ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանի աջակցությամբ այդ թանգարանում կազմակերպվեց Հայ բժշկության թանգարանի մասը կազմող “Հայ բժիշկները հայ գրականության մշակներ” ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին շուրջ 145 հայ բժիշկ-ստեղծագործողների շուրջ 450 գրքեր, նրանց լուսանկարները, անձնական իրեր, գործիքներ, քանդակներ, գեղանկարենր և այլն: Ցուցահանդեսը նվիրված էր Մխիթար Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին, ինչպես նաև ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի և Մեծ Եղեռնի նահատակ բժիշկ-գրող Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակներին, որոնք ներկայացված էին առանձին ցուցափեղկերով: Ցուցահանդեսի բացումը կայացավ մեծ հաջողությամբ, իսկ բազմամարդ ցուցադրությունը տևեց մեկ շաբաթ: Հանրապետական մամուլում հոդվածներ տպագրվեցին այդ հետաքրքիր մշակութային իրադարձության մասին:
“Նոր Արաբկիր” ԱԿ Հայ բժշկության թանգարանի այցելուներն են բուժհիմնարկ այցելող հիվանդները, նրանց հարազատները, դպրոցականներ, բժշկական ուսումնարանների և ինստիտուտների ուսանողներ, բժշկության պատմության հարցերով հետաքրքրվող մասնագետներ, բուժհիմնարկ այցելող հյուրեր և այլն:
Թանգարանը ունի գիտա-լուսավորական և ուսումնա-դաստիարակչական առաքելություն:
Թանգարանը նպատակ ունի նպաստել բժշկական գիտության և առողջապահական մշակույթի զարգացմանը, հայրենիքի նկատմամբ սիրո և հավատի ամրապնդմանը:
Թանգարանի նպատակն է նաև հավաքել, պահպանել, ցուցադրել և սերունդներին փոխանցել հայ ժողովրդի դարավոր բժշկական մշակութային ժառանգությունը հանդիսացող նյութական և հոգևոր արժեքները, ինչպես նաև հայ բժշկության բազմադարյա հարուստ ավանդույթները պրոպագանդել Հայաստանի բնակչության, Սփյուռքի հայության և օտարերկրացիների շրջանում:
Հայ բժշկության թանգարանում ցուցադրված են հավաքածուի շուրջ 30 000 ցուցանմուշներից ընդամենը 5000։ Թանգարանի ցուցադրությունը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի բաժինների՝ պեղածո-հնագիտական, երկրագիտական-ազգագրական, կենցաղային, բժշկության հետ առնչվող նյութեր, բուն բժշկական նյութեր, գրադարան, արխիվ, ֆոտոարխիվ:
Թանգարանում ցուցադրված են պղնձե, կավե, հախճապակյա, ապակյա ամաններ, կժեր, սափորներ, սկահակներ, սրվակներ, մետաղյա, փայտե իրեր, բրոնզե, քարե, փայտե հավանգներ, բժշկական գործիքներ և սարքեր, երաժշտական գործիքներ, գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, կահույք, կահկարասի, պեղածո նյութեր, այդ թվում՝ մարդկային մասունքներ և այլն: Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են օրինակ, Մեծամորից բերված 5000-ամյա սափորը, Գորիսից բերված կավե սրվակները, Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից հայտնաբերված մարդու 5000-ամյա կմախքը` գանգոսկրի ախտաբանությամբ, 100-200 տարի առաջ աշխարհի տարբեր քաղաքներում տպագրված բժշկական գրքեր, օրինակ, Պետրոս Քալանթարյանի 1793 թ. Նոր Նախիջևանում տպագրված ”Բժշկարան համառոտ” գիրքը, Մխիթար Հերացու՝ XII դ. գրված և 1832 թ. Վենետիկում տպագրված “Ջերմանց մխիթարություն” գիրքը, այլ հայ, ռուս և օտարազգի անվանի բժիշկների գրքեր, հաճախ ինքնագրերով, ընծայագրերով, մակագրություններով ու անձնական կնիքներով կնքված հրատարակություններ, 19-20-րդ դդ. նշանավոր բժիշկների ձեռագիր գրքեր և ուսանողական տետրեր, աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված 100-150 տարվա հնության հայկական բժշկական պարբերականներ, հայ երևելի բժիշկների լուսանկարներ ու փաստաթղթեր, Երևանի բժշկական ինստիտուտի առաջին և հետագա տարիների շրջանավարտների խմբանկարներ, սփյուռքահայ բժիշկներին վերաբերող նյութեր, հարյուրավոր հայ բժիշկների կենսագրական նյութեր և այլն: Այստեղ կարելի է տեսնել հայ բժիշկներին պատկանած կահույք, անձնական և կենցաղային իրեր` գրասեղաններ, գրապահարաններ, փայտե սառնարան, աթոռներ, սնդուկներ, կարասներ, երկանքներ, գուռ, քանդակներ, գեղանկարներ, խորհրդային և արտասահմանյան արտադրության պատեֆոններ, ռադիոընդունիչներ, հեռուստացույց, հեռախոսներ, ժամացույցներ, գյուղատնտեսական և խոհանոցային պարագաներ և այլն:
Թանգարանի, նրա գրադարանի, արխիվի ու ֆոտոարխիվի հիմքի վրա կարելի է կատարել հայ բժշկության պատմության վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքներ, հրատարակել գիտական հոդվածներ, ժողովածուներ, մենագրություններ, պաշտպանել գիտական թեզեր և ատենախոսություններ, կազմակերպել գիտաժողովներ և այլն:
Կարելի է կապեր հաստատել աշխարհի տարբեր երկրներում գործող բժշկության պատմության թանգարանների, ամբիոնների, գիտական լաբորատորիաների և ինստիտուտների հետ, օրինակ Ռուսաստանի ԲԳԱ-ի բժշկության պատմության ԳՀԻ (Մոսկվա), Պ. Ստրադինի անվ. բժշկության պատմության թանգարան-ինստիտուտի (Ռիգա), Ուկրաինայի բժշկության ազգային թանգարանի (Կիև) հետ և այլն:
Աշխարհի բազմաթիվ երկրներում վաղուց գործում են բժշկության, առողջապահության, հիգիենայի, սանիտարիայի, դեղագործության թանգարաններ, ինչպես նաև անվանի բժիշկների տուն-թանգարաններ, հուշաթանգարաններ, հիվանդանոց-թանգարաններ, դեղատուն-թանգարաններ և այլն: Ստորև ներկայացնում եմ նախկին խորհրդային հանրապետություններում գործող բժշկական թանգարանների համառոտ ցուցակը վերցված համացանցից:
Военно-медицинский музей МО РФ, г. Санкт-Петербург
Музей гигиены, г. Санкт-Петербург
Музей Земской Медицины, располагается в сохранившихся зданиях Красноуфимской земской больницы, г. Красноуфимск
Национальный музей медицины Украины, г. Киев
Аптека-музей, г. Киев
Апте́ка-музе́й, г. Львов
Аптека-музей, г. Гродно
Музей судебной медицины, г. Гродно
Республиканский музей истории медицины Белорусии, г. Минск
Музей истории медицины им. П. Страдыня, г. Рига
Музей медицины и фармации, г. Каунас
Музей медицины Азербайджана, г. Баку
Музей истории медицины и здравоохранения Казахстана им. С. Субханбердина МЗ Республики Казахстан, г. Алматы
Музей здравоохранения им. К. Заирова, г. Ташкент
Музей Абу Али ибн Сино (Авиценны), г. Бухара
Музей народной медицины им. Мирзо Олимова, г. Исфара, Таджикистан
Նախկինում Հայաստանում գործել են մի քանի բժշկական թանգարաններ, որոնք այսօր գոյություն չունեն: Դրանք են.
ՀԽՍՀ աշխատանքի ժողկոմի ավագ սանիտարական տեսուչ և պրոֆեսիոնալ հիգիենայի սեկցիայի վարիչ (հետագայում բժիշկ-հիգիենիստ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ) Հայկ Միրզաբեկյանը իր հավաքածուի հիման վրա 1927-29 թթ. ստեղծել է աշխատանքի պաշտպանության թանգարան:
1950-ական թվականներին ՀԽՍՀ ԳԱ կենսաբանության և բժշկության պատմության սեկտորում մի քանի տարի գործել է բժշկության պատմության թանգարան, որը կազմակերպել էր ակադ. Լևոն Հովհաննիսյանը:
ՀԽՍՀ ԱՆ գլխավոր դեղատնային վարչությունում մի քանի տարի գործել է Հայ դեղագործության թանգարան, որը հիմնադրել էր վարչության պետ Վանիկ Հայրապետյանը:
Արարատի մարզի Արմաշի գյուղական առողջության կենտրոնում երկար տարիներ գործել է Սանիտարական կուլտուրայի թանգարան, որը հիմնադրել էր կենտրոնի տնօրեն (հետագայում բժշկագիտության դոկտոր, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր) Արսեն Հայրիյանը:
Այսօր Հայաստանում գործում են բժշկական ուղղվածության մի քանի գերատեսչական թանգարաններ.
Մխիթար Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի պատմության թանգարանը,
Սուրեն Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի պատմության թանգարանը,
Ալեքսանդր Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի` Ա. Միքայելյանի հուշաթանգարանը,
Ծաղկաձորի Օրբելի եղբայրների թանգարանը, որտեղ 2 սենյակ տրամադրված է ակադ. Լևոն Օրբելու հիշատակին:
Հայաստանի կառավարությունը նպատակադրված է հանրապետությունում զարգացնել զբոսաշրջությունը, սակայն արտասահմանցի հյուրերին և սփյուռքահայերին չեն կարող բավարարել միայն ճարտարապետական հուշարձաններն ու բնության հրաշալիքները տեսնելը։ Ցանկալի է, որ զբոսաշրջիկները ծանոթանան նաև հազարամյակների պատմություն ունեցող մեր գիտության ու մշակույթի նյութական ու հոգևոր արժեքներին: Այս իմաստով կարևոր է նաև Բժշկության թանգարան ունենալու անհրաժեշտությունը:
Հարցն ավելի է կարևորվում, երբ հիշում ենք, որ 2018 թ. լրանալու է Մեծն Մխիթար Հարացու ծննդյան 900 ամյակը, որը արժանի է տոնել միջազգային մակարդակով, այնպես ինչպես 1968թ. Երևանում պետականորեն մեծ շուքով տոնվեց նրա 850 ամյակը:
Հաշվի առնելով շարադրվածը խնդրում եմ աջակցել ինձ հիմնելու Հայ բժշկության թանգարան, որը, ելնելով մեր պետության ներկա հնարավորություններից, կարող է գործել պետական կամ հասարակական հիմունքներով:
Բնականաբար, նման թանգարան հիմնելու համար անհրաժեշտ են Մշակույթի և Առողջապահության նախարարությունների գիտա-մեթոդական և գործնական օգնությունը, համապատասխան տարածքի տրամադրումը, ֆինանսական ներդրումներ կատարելը` պետական, դրամաշնորհային, հիմնադրամային կամ բարեգործական աղբյուրներից և այլ:
Համոզված եմ, որ ինչպիսի զոհողություններ էլ արվեն, դրանք արդարացված կլինեն այնպիսի վեհ գործի իրականացման համար, ինչպիսին է հայկական բժշկական դարավոր մշակույթը ներկայացնող հրաշալի թանգարան ունենալը: